Վազգենյան Հոգևոր դպրանոց

«Հունձքն առատ է, մշակները՝ սակավ։ Արդ, աղաչե՛ք հունձքի Տիրոջը, որ իր հունձքի համար մշակներ հանի»: (Մտթ. 9։37-38)

Սևանավանքի մասին

Սևանա կղզին (այժմ` թերակղզի) դեռևս անհիշելի ժամանակներից սրբատեղի է եղել: Ըստ ավանդության՝ Ս․ Գրիգոր Լուսավորիչը 305 թ․ հեթանոսական մեհյանի տեղում կառուցել է Ս․ Հարություն եկեղեցին, որն այժմ ավերված է։

Սևանավանքի կամ Սևանի անապատի վերազարթոնքը կապված է Մաշտոց վրդ․ Եղիվարդեցու (հետագայում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս) գործունեության հետ։ Նա 874 թ․ Իշխանաց իշխան Աշոտ Բագրատունու դստեր, Սյունիքի Վասակ Գաբուռ իշխանի կնոջ՝ Մարիամի միջոցներով կառուցել է Ս․ Առաքելոց և Ս․ Կարապետ եկեղեցիները։ Իշխանուհի Մարիամն ուխտել էր իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին 30 եկեղեցի կառուցել Հայոց աշխարհում։ Նրա ջանքերով Ս․ Առաքելոց եկեղեցու հարավ-արևելքում կառուցվել է Ս․ Աստվածածին եկեղեցին, որն ավերվել է 1930-ական թթ․։ Ուստի պատահական չէ, որ Սևանավանքը, ի պատիվ Մարիամ իշխանուհու, հաճախ կոչվել է նաև «Մարիամաշեն»։  

Եկեղեցիների կառուցումից հետո  Սևանավանք ուխտի է գնացել նաև Աշոտ Բագրատունին՝ վանքին նվիրելով Տիրոջ խաչափայտի մասունքը, որը ժողովրդի մեջ տարածված է «Սևանի Սուրբ Նշան» անվամբ: Ըստ ավանդության՝ այն պատրաստված էր այն կոնքից, որի մեջ Տիրամայրը լողացրել էր մանուկ Հիսուսին: Վանքում են պահպանվել նաև այլ սրբություններ՝ Ս. Հովհաննես Մկրտչի, Ս․ Պետրոս առաքյալի և Ս․ Գևորգ զորավարի մասունքները, ինչպես նաև Տիրամոր հրաշագործ սրբատկերը, որի առաջ աղոթելով՝ բժշկվել է Մխիթար Սեբաստացին՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադիրը։ Ս․ Առաքելոց եկեղեցու հյուսիսային պատի մոտ կանգնեցված է 1653 թ․ Տրդատ կազմողի ձեռքով քանդակած նշանավոր խաչքարը։ 

Սևանավանքում են ապրել և գործել Սարգիս Ա Սևանցի և Հովհաննես Դրասխանակերտցի Հայրապետները, Ստեփանոս կրոնավորը, Սարգիս իմաստասերը, Աբրահամ Սևանցին և ուրիշներ։ Սևանավանքի զորության և համբավի մասին է վկայում այն փաստը, որ երեք անգամ վանք այցելությունը հավասարազոր է նկատվել մեկ անգամ Երուսաղեմ գնալուն։ Վանքն ավերվել և թալանվել է մոնղոլական և լենկթեմուրյան արշավանքների ժամանակ։

Սևանավանքի հոգևոր կյանքը վերազարթոնք է ապրել, երբ 1451 թ․ Դանիել վարդապետը բացել է Սևանի վարդապետարանը։ Այն գործում էր Ս․ Բարսեղ Կեսարացու և Սարգիս Սաղմոսավանեցու համակեցության կանոններով և շարունակում Տաթևի համալսարանի լավագույն ավանդները։ Միաբաններն ուսումնասիրում էին փիլիսոփայություն, քերականություն, տոմարագիտություն, զբաղվում Ս․ Գրքի սերտողությամբ և ընդօրինակությամբ։

1610 թ. Սևանի մենաստանի առաջնորդ է դարձել Կարապետ եպիսկոպոս Էջմիածնեցին, որը Մայրավանքի միաբանության օրինակով վերակազմել է Սևանի միաբանությունը:

1654 թ. թիֆլիսաբնակ եղբայրներ Սուլխան, Զալ և Զորապ Չիթաղյանների օժանդակությամբ նորոգվել են կղզու եկեղեցիները:

1825 թ․ Զաքարիա Գուլասպյան Տփխիսեցին Սևանավանքի առաջնորդ Սարգիս վարդապետի պատվերով առաջին անգամ գրել է վանքի պատմությունը, իսկ 1828 թ․ Էջմիածնի Սինոդի անդամ Մանվել Կյումուշխանեցին ավարտել է Սևանավանքի միաբանության պատմությունը։  

1869 թ․ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Կաթողիկոսի նախաձեռնությամբ կղզում դպրոց է բացվել՝ հոգալու Սևանավանքի սարկավագների և դպիրների կարիքները, որը գործել է մինչև 1880 թ․։ 1895 թ․ Սևանավանքի վերջին վանահայրը Սարգիս Փիլոյան դպիրն էր, որը նույնպես շարադրել է վանքի պատմությունը։ 

Մինչև 1830 թ․ Սևանավանքն առանձին միավոր էր, որից հետո մտել է Երևանի կոնսիստորիայի իրավասության ներքո։

1901 թ․ Մկրտիչ Ա Խրիմյան Կաթողիկոսի կոնդակով Սևանավանքը վերածվել է աղոթատեղիի։ Ս․ Առաքելոցը, Ս․ Կարապետը և Ս․ Աստվածածինը որպես գործող եկեղեցիներ գոյատևել են մինչև 1930-ական թթ․, իսկ այնուհետև փակվել։

Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին (1918-1920 թթ.) կղզին աքսորավայր էր հեղափոխականների համար։ Խորհրդային իշխանության առաջին տարիներին վանքի ունեցվածքը բռնագրավվել է: 1926 թ. ՀԿԲԿ Կենտկոմի բյուրոյի որոշմամբ, Սևանա կղզին որպես հանգստավայր տրամադրվել է Ներքին գործերի ժողկոմատին: Հենց աստվածամերժության այդ շրջանում էլ քանդվել է Ս.

Աստվածածին եկեղեցին: Հետագայում վանքը վերածվել է թանգարանի:

Վանքը նոր զարթոնք է ապրել ՀՀ անկախության տարիներին։ 1990 թ․ Սևանավանքը վերադարձվել է Հայոց Եկեղեցուն, նորոգվել են վանքի երկու՝ Ս․ Առաքելոց և Ս․ Կարապետ եկեղեցիները։

Այժմ Սևանավանքի վանահայրն Արժանապատիվ Տ. Մինաս ավագ քահանա Մարտիրոսյանն է: 

 

Դպրանոցի պատմություն

Սևանի Վազգենյան դպրանոցը հիմնվել է 1990-ական թվականին բարեհիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի (1999 թ.՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս), նախաձեռնությամբ Սևանի թերակղզում: Անվանակոչվել է Վազգենյան դպրանոց ի պատիվ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

1996թ. դպրանոցը տվել է իր առաջին շրջանավարտները։ 1996-2022թթ.  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով և Տեր և Տիկին Գառնիկ և Անահիտ Յակուբյանների բարերարությամբ կառուցվել է կացարանային նոր մասնաշենքը և Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի անունը կրող մատուռը։

2003–2004 թթ. ուսումնական տարվանից սկսած Վազգենյան հոգևոր դպրանոցում ուսումը քառամյա է, որից հետո ուսանողները մագիստրոսական երկամյա կրթությունը շարունակում են Գևորգյան հոգևոր ճեմարանում, սակայն 2023 թվականից սկսած Էջմիածնի ճեմարանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրենությամբ վերանորոգվում է, ուստի  բակալավրիատը և մագիստրատուրան այժմ Վազգենյան դպրանոցում են:


 

Սևանի թերակղզին գեղեցկացնում են 305թ. Սուրբ Գրիգոր  Լուսավորչի կողմից հիմնադրված և 874թ. Աշոտ Բագրատունի թագավորի դուստր` Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կնոջ` Մարիամի կողմից կառուցված Սուրբ Առաքելոց և Սուրբ Հովհաննու Կարապետի անունը կրող եկեղեցիները:

495203754_738496115172119_8313700688621438123_n

Դպրանոցի առօրյան

Հոգևորականի կյանքի կարևորագույն մասը եկեղեցական ժամակարգությունն է։ Դա է պատճառը, որ ճեմարանականը օրը սկսում է աղոթքով, մասնակցելով առավոտյան ժամերգությանը, ճեմարանի շենքին կից` Սուրբ Հակոբ Մծբնա մատուռում։ Ժամերգությունից հետո սաները նախաճաշում են, որից հետո սկսում են դասընթացները։ Դասերը ոչ միայն գիտելիք են փոխանցում, այլ նաև ձևավորում են հոգևոր մտածողություն և ապրելակերպ:

 Դասապրոցեսի ավարտից հետո ուսանողները ճաշում են, ճաշաժամերը և ճաշացանկը կազմված են այնպես, որ ուսանողը ստանա բավարար սնունդ ողջ օրվա համար և կարողանա մշտաջան ուսանել, իսկ ճաշից հետո կարող են զբաղվել իրենց սիրելի գործով. ընթերցել, երաժշտություն լսել, մարզվել, ժամանակն անցկացնել ընկերների հետ, ինչպես նաև հանգստանալ: Երեկոյան կրկին ժամերգություն է, որից հետո սկսվում է սերտողությունը. ուսանողները պատրաստվում են հաջորդ օրվա դասերին, ընթերցում են: Ուսանողներն ազատ են սերտելու հարցում, օրվա նյութը կարող են ուսանել ինչպես միայնակ, այնպես էլ մյուսների հետ քննարկելով և հարցերի միջոցով ամփոփելով: Ամբողջ օրն անցնում է խոհերի, մտածումների ու որոնումների մեջ և

ավարտվում է գիշերային աղոթքով։

Հայր Շահե Ծ․ վրդ․ Անանյան

Տեսուչ

 Հայ Եկեղեցու պատմության դասախոս

Տոնագիտության և Եկեղեցական երաժշտության դասախոս

Տրամաբանության և փիլիսոփայության դասախոս

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի դասախոս

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի դասախոս

Հայոց պատմության դասախոս

Փիլիսոփայության և պատմության դասախոս

Արևմտահայերենի դասախոս