Ճեմարանի պատմություն

Մեծ տեսիլքի մենք զավակն ենք...

Պատմություն

Այսպիսի ծառայությունը նվիրում է պահանջում, և այն անձը, ով պատրաստվում է դառնալ ազգի նվիրյալ, պետք է գիտակցի, որ դրա համար անհրաժեշտ է հոգևոր, մասնագիտական բարձր կրթություն և գաղափարական դաստիարակություն: Շուրջ մեկուկես դար առաջ այս առաքելության իրականացման տեսիլքով Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը 1874թ. հիմնադրեց Գևորգյան հոգևոր ճեմարանը, որը Հայաստանի մինչև այժմ գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունն է և միակ աստվածաբանական համալսարանը:Որպես ժամանակի միակ բարձրագույն ուսումնական հաստատություն՝ այն նշանակալի տեղ է զբաղեցրել Հայ Առաքելական եկեղեցու և, առավելապես, հայկական մշակութային, գիտական, մինչև անգամ քաղաքական պատմության մեջ: Թեև Ճեմարանի հիմնադրման հարցը վաղուց էր հասունացել, այնուամենայնիվ այդ կարևոր գործն իրականություն դարձավ միայն դարավերջին:

 

1874թ.-ի սեպտեմբերի 28-ին՝ սուրբ Գևորգ Զորավարի տոնին, տեղի ունեցավ Ճեմարանի բացման հանդիսավոր արարողությունը, և հենց սուրբ Գևորգի անունով էլ այն անվանվեց «Ժառանգավորաց հոգևոր ճեմարան Սուրբ Գևորգյան»: 

1875 թ. հունիսի 10-ի կոնդակով Վեհափառ Հայրապետը ճեմարանի առաջին տեսուչ է նշանակում հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայր, նշանավոր հայագետ Գաբրիել եպիսկոպոս Այվազովսկուն (1875-1878), սակայն մինչ նա Էջմիածին կժամաներ, տեսչի  ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Սուքիաս վարդապետ Պարզյանը:

Այստեղ են դասավանդել ժամանակի լավագույն մանկավարժներն ու մասնագետները, ինչպես օրինակ՝ Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, Լեոն, Ստեփան Լիսիցյանը, Քրիստափոր Կարա-Մուրզան, Հովհաննես Հովհաննիսյանը, Հակոբ Մանանդյանը, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը, Կարապետ ծ. վարդապետ Տեր-Մկրտչյանը, Գարեգին եպս. Հովսեփյանը, Երվանդ Տեր-Մինասյանը և այլք: Նշանավոր ճեմարանականներից շատերի անուններն այսօր ասոցացվում են հայության հետ՝ հաճախ դառնալով խորհրդանիշներ, ինչպես օրինակ՝ Կոմիտաս Վարդապետը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկողայոս Ադոնցը, Ակսել Բակունցը և շատ ուրիշներ:

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային, եկեղեցական, մշակութային կյանքն անհնար է պատկերացնել առանց Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեության: Երևանի մայր բուհի, ինչպես նաև Երևանի՝ Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի հիմնադիրների մեծ մասը եղել են հենց այս ճեմարանի շրջանավարտները: Խորհրդային իշխանության ճնշումների ներքո շուրջ երեսուն տարի փակված ճեմարանը 1945թ. նորից բացեց իր դռները Մայր Աթոռ եկած երիտասարդ ճեմարանականների առաջ հայության հոգևոր կյանքին Հոգևոր վերազարթոնք տալու տեսլիքով:

Հոգևոր սպասավոր լինել նշանակում է հանուն հայ ազգի և հայոց եկեղեցու ներդնել ողջ ներուժդ: Այսպիսի ծառայությունը նվիրում է պահանջում, և այն սանը, ով այս գիտակցումով է ճեմարան գալիս, պատրաստվում է դառնալ ազգի նվիրյալ, որի համար անհրաժեշտ է հոգևոր, մասնագիտական բարձր կրթություն, ինչպես նաև գաղափարական դաստիարակություն:  Այս ուղին բռնած սաներին ճեմարանական կյանքն ու ուսումը լավագույն հնարավորությունն են ընձեռում իմաստավորված և ազգօգուտ կյանքով ապրելու:

Թեև բոլորիս համար էլ պարզ է, որ Գևորգյան ճեմարանի գլխավոր նպատակը հոգևոր սպասավորների պատրաստումն է, սակայն հոգևոր այս կրթօջախը երբեք սոսկ կրոնական ուսումնական հաստատություն չի եղել: Ճեմարանական կրթության սկզբունքներից մեկը ազատ ընտրության հնարավորությունն է. այն ուսանողները, ովքեր չեն ցանկանում շարունակել իրենց կյանքը որպես հոգևոր սպասավորներ, ճեմարանն ավարտելուց հետո զորակոչվում են բանակ, և հետագայում կարող են ուսումը շարունակել հայագիտության, պատմաբանության, բանասիրության, արվեստի, աստվածաբանության և այլ ոլորտներում՝ այդ ասպարեզներում իրականացնելով ճեմարանականին հարիր նվիրյալ ծառայություն:

Այսօր Ճեմարանի պաշտոոնական անվանումն է «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան»։

Գևորգյան հոգևոր ճեմարանի շրջանավարտներից է նաև ներկայիս Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ում ջանքերի և հայրական խնամքի շնորհիվ ճեմարանական կրթության մակարդակն այնքան բարձրացվեց, որ 2002թ. Հայաստանի կառավարության որոշմամբ Գևորգյան հոգևոր ճեմարանը ճանաչվեց որպես բարձրագույն ուսումնական հաստատություն, իսկ 2005 թ. ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը՝ նկատի առնելով ուսումնական ծրագրերի հարստացումն ու թարմացումը, ճեմարանին տվեց  բարձրագույն ուսումնական հաստատության արտոնագիր: Հաջորդ տարի՝ 2006թ.-ին, ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը Գևորգյան հոգևոր Ճեմարանին շնորհեց բակալավրիատի, իսկ 2007թ.-ին՝ մագիստրատուրայի պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կրթություն իրականացնելու հավատարմագրեր: Այնպես որ՝ այսօր Գևորգյան հոգևոր ճեմարանը հանդիսանում է ՀՀ միակ աստվածաբանական համալսարանը:

Գևորգյան հոգևոր ճեմարանին առընթեր գործում են Սևանի Վազգենյան դպրանոցը և քահանայից պատրաստման լսարանը (այլ բուհերի շրջանավարտների համար):

Գևորգյան հոգևոր ճեմարանում կրթությունն անվճար է և գիշերօթիկ: Ուսանելու տարիներին սաներն ապրում են Մայր Աթոռի տարածքում իրենց համար նախատեսված կացարանում, մասնակից դառնում հոգևոր կյանքին և ապահովվում են սննդով, բժշկական օգնությամբ, համազգեստով, գրենական պիտույքներով, հիգիենայի և այլ անհրաժեշտ պարագաներով:

Ուսման տևողությունը 6 տարի է (4-ը բակալավրիատ, 2-ը մագիստրատուրա): Այստեղ են դասավանդում ՀՀ լավագույն մասնագետները: Բարձր մակարդակով կրթություն ապահովելու համար մասնագետներ են հրավիրվում նաև արտասահմանից:

Մշակված նոր ծրագրերն ու փոփոխված կանոնադրությունը այսօր հնարավորություն են տալիս աշխարհի տարբեր երկրներից ժամանած ուսանողներին աստվածաբանական և հայագիտական կրթություն ստանալու Գևորգյան հոգևոր ճեմարանում: Օտարախոս ուսանողների համար ստեղծվում են հատուկ պայմաներ: Հիշյալ բարեփոխումների շնորհիվ սաները հնարավորություն ունեն ուսումը շարունակել նաև արտասահմանյան հեղինակավոր բուհերում` շարունակելով դեռևս 20-րդ դարասկզբին դրված ավանդույթը: Առաջադեմ ուսանողներն Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ ուղարկվում են մասնագիտական առավել խորը կրթություն ստանալու աշխարհի լավագույն համալսարաններում:

Առաքելություն

Հայոց Եկեղեցու հոգևոր սպասաւոր լինել նշանակում է՝ հանուն Քրիստոսի կենարար խոսքի տարածման և հայ  ազգի հոգևոր-բարոյական զարթոնքի ներդնել ողջ ներուժդ:

Գևորգյան հոգևոր ճեմարանը ոչ միայն կրթական հաստատություն է, այլև կյանքի ճանապարհ,  ընտրված ծառայության և նվիրումի ուղի։ Այստեղ կրթություն ստացող յուրաքանչյուր ճեմարանական պատրաստվում է բացառիկ առաքելության՝ դառնալու հավատի կրող, հոգևոր մխիթարիչ և ժողովրդի հոգևոր կյանքի ջահակիր։

Ճեմարանականի առաքելությունը ժամանակի պահանջն է։ Ինչպես պատմության բոլոր էջերում, այդպես էլ այսօր, մեր ազգը կարիք ունի առաջնորդների, ովքեր իրենց գիտելիքով, հավատքով և նվիրվածությամբ մթության մեջ կբերեն լույս, իսկ անհուսության մեջ կտարածեն հույս։ Ճեմարանականն ինքն է հենց այդ լույսը՝ ապագա հոգևորական, ուսուցիչ, քարոզիչ և բարոյական արժեքների պահպանող։

Եթե քո սրտում երբևէ հնչել է ցանկություն՝ կյանքդ նվիրելու մեծ ու սուրբ մի գործի, ապա Գևորգյան հոգևոր ճեմարանը քո կոչման ճանապարհն է։ 

 «Հունձքն առատ է, մշակները՝ սակավ։ Արդ, աղաչե՛ք հունձքի Տիրոջը, որ իր հունձքի համար մշակներ հանի»։ (Մտթ. 9:37-38)

Առօրյան ճեմարանում

Գևորգյան հոգևոր ճեմարանում ճեմարանականի օրը կարգ ու կանոնի, աղոթքի և ուսումնառության ներդաշնակ համադրություն է։ Ճեմարանականների օրվա մի մեծ մասը զբաղեցնում են ուսումնառությունն ու դասապատրաստումը, ինչպես նաև՝ աղոթքը․ ժամերգություններ առավոտյան և երեկոյան, աղոթքներ ճաշից, դասից և քնից առաջ։Ամեն առավոտ սկսվում է աղոթքով՝ ժամերգությամբ, որի խորհրդավոր մթնոլորտում ուսանողը հոգեպես կենտրոնանում է նոր օրվա վրա՝ մտքով ու սրտով միանալով Տիրոջը։

Ճեմարանականն ապահովված է եռանգամյա սնունդով։ Աղոթքից հետո ճեմարանականները միասին վայելում են նախաճաշը, որից հետո ուղղվում են լսարաններ՝ նվիրվելու աստվածաբանության, եկեղեցական պատմության, լեզվաբանության և այլ դասընթացների ուսուցմանը։ Ճեմարանական կրթությունը հավասարապես խնամում է թե՛ միտքը, թե՛ հոգին։

Առօրյան ավելի է հետաքրքրականանում երգչախմբի պարապմունքներով և սպորտային խաղերով։ Օրվա ընթացքում ուսանողը ունի նաև ազատ ժամեր, որոնք կարող է անցկացնել հանգստի, ոգեշնչող ընթերցանության կամ ընկերական զրույցի մթնոլորտում։ Այս պահերն օգնում են ոչ միայն անձնական զարգացմանն, այլև՝ ճեմարանական համայնքի՝ որպես հոգևոր ընտանիքի կայացմանը։

Երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է սերտողության ժամը. ուսանողները կենտրոնացած պատրաստվում են հաջորդ օրվա դասերին՝ վերանայելով իրենց նյութերը, խորանալով ուսումնասիրած թեմաների մեջ։

Ճեմարանը հաճախ հյուրընկալում է բանախոսների աշխարհի տարբեր ծագերից։ Ճեմարանականներն էլ իրենց հերթին հյուրընկալվում են այլ համալսարանների ու կազմակերպությունների կողմից՝ մասնակցելու տարբեր միջոցառումների ու գործնական դասերի։

Օրն եզրափակվում է կարճ երեկոյան աղոթքով, որով ճեմարանականը հանձնվում է Աստծո ողորմածությանը՝ խաղաղ սրտով ամփոփելով օրվա հոգևոր և մտավոր պտուղները։

70239504_2620809644663868_5184077791729025024_n

Պատմական ծիսագիտության դասախոս

Սիստեմատիկ ծիսագիտության դասախոս

 Հայ Եկեղեցու պատմության դասախոս

Քրիստոնեական վարդապետական մտքի պատմություն դասախոս։

Տոնագիտության և Եկեղեցական երաժշտության դասախոս

Տրամաբանության և փիլիսոփայության դասախոս

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի դասախոս

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի դասախոս

Հոգեբանության դասախոս

Կանոնական իրավունքի և տոմարագիտության դասախոս

Հայ եկեղեցական մատոնագրության դասախոս

Ձեռագրագիտության և վիմագրության դասախոս

Հայոց պատմության դասախոս

Արևմտահայերենի դասախոս

Փիլիսոփայության և պատմության դասախոս

Իմաստասիրության պատմության դասախոս

Ծրագիր

Գևորգյան հոգևոր ճեմարանի մագիստրատուրայի ուսանողը, բակալավրիատի ծրագրում յուրացրած լինելով հայագիտական ու աստվածաբանական բավարար գիտելիքներ, ուսումնասիրում է ավելի խորքային աստվածաբանական առարկաներ աստվածաբանության բոլոր ուղղություններից՝ անկախ հոսքային ուղղվածությունից (մեկնություն, հովվական աստվածաբանություն, վարդապետական մտքի պատմություն, դավանաբանության)։ 

Առարկայացանկը հարստացված է նաև այլ բնույթի առարկաներով՝ հայ փիլիսոփայության պատմություն, գիտահետազոտական աշխատանքի մեթոդիկա, տոմարագիտություն, հոգեբանություն, ձեռագրագիտություն և այլն։