թրբանճյան ընծայարան

Հայրական մշտական հոգածության ներքո պիտի պահենք ուսումնակրթական գործընթացների կազմակերպումը

Պատմություն

 

 

Հառիճավանքը ՀՀ Շիրակի մարզի Հառիճ գյուղում է` Արագած լեռան հյուսիսային լանջին, երկու ձորակներով գոյացող հրվանդանի վրա: Այն կառուցվել է Է-ԺԳ դարերում։ Վանքի մասին հնագույն հիշատակությունը պահպանվել է Մխիթար Անեցու մոտ։ Դարերի ընթացքում այստեղ վանական կյանքը մի քանի անգամ ընդհատվել է, սակայն վերստին ծաղկում ապրել:

Հառիճավանքն ավերվել է ԺԱ դարում սելջուկների արշավանքների ժամանակ, բայց կրկին վերականգնվել 1185-1236 թթ., Աբասի որդի Գրիգորի առաջնորդության օրոք: Վիմագիր արձանագրությունները վանքի մասին տեղեկություններ են հաղորդում մինչև ԺԴ դար:

Հառիճավանքի հուշարձանների խումբը բաղկացած է երկու եկեղեցիներից, երկու գավիթ-ժամատնից, երկու մատուռից, վանական միաբանության բազմաթիվ կացարաններից, պարսպից և մի շարք այլ հասարակական կառուցվածքներից:

Հառիճավանքի հնագույն կառույցը կենտրոնագմբեթ խաչաձև Ս. Գրիգոր եկեղեցին է, որը Է դարին բնորոշ մաստարայատիպ շինություն է: Այն հարավ-արևելքից ունի քառանկյուն հատակագծով ավանդատուն: Երկրորդ ավանդատունը եկեղեցուն կցվել է հարավ-արևմուտքից, որի վրա ԺԳ դարում մատուռ է կառուցվել: Նույն դարում Ս. Գրիգոր եկեղեցուն արևմուտքից կցվել է գավիթ, որը սակայն չի պահպանվել:

Վանքի գլխավոր՝ Ս. Աստվածածին եկեղեցին կրկնում է ԺԱ-ԺԲ դարերում Հայաստանում տարածված գմբեթավոր դահլիճի տիպը: Եկեղեցու արձանագրությունների համաձայն՝ Զաքարե ամիրսպասալարը գնել է Հառիճ գյուղն իր շրջակա տարածքներով և 1201 թ. ավարտին հասցրել Ս. Աստվածածին եկեղեցու շինարարությունը։

Մեկ այլ արձանագրության համաձայն, իշխան Վահրամ Հեճուպը 1224 թ. կառուցել է եկեղեցու գավիթը, որով Ս. Գրիգոր եկեղեցին միացել է Ս. Աստվածածին եկեղեցուն:

Է դարից Հառիճավանքում գործել է դպրոց, որտեղ գրվել և ընդօրինակվել են ձեռագիր բազում մատյաններ. ամենահայտնին Մարգարե ծաղկողի կողմից կազմված Մատթեոսի Ավետարանն է. ցավոք պահպանվել է միայն հիշատակարանի հատվածը:

1850 թ․ Գյումրիում ստեղծվել է «Հառիճի վանական ընկերություն» կրթական-մշակութային կազմակերպությունը, որի նպատակն էր վերականգնել Հառիճավանքի երբեմնի կրոնամշակութային հարուստ կյանքը, նորոգել շինությունները։ Այն գործել է մինչև 1915 թ․։

1856-1857 թթ․ կազմակերպության ջանքերով բացվել է Հառիճի կիսագիշերօթիկ ուսումնարանը, որը 1860 թ․ Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցու կոնդակով վերանվանվել է «Հառիճի հոգևոր դպրոց»՝ հետագայում դառնալով Գևորգյան հոգևոր ճեմարանի նախապատրաստական բաժանմունք։

1890-ականներին Հառիճավանքում գործունեություն է ծավալել Կոմիտաս վարդապետը:

2011 թ․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով և տեր և տիկին Ջերալդ և Փատրիսիա Թրբանճյանների (ԱՄՆ) բարերարությամբ Հառիճավանքում հիմնվել է Թրբանճյան ընծայարանը, որը 2013 թ․ ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից ստացել է ավագ դպրոցի կարգավիճակ։

2013 թ. փետրվարի 1-ից Հառիճի վանական համալիրը փոխանցվել է Արթիկի թեմին:

 

Ներկայում Հառիճավանքի վանահայրը Հոգեշնորհ Տ․ Վաչե աբեղա Մկրտչյանն է:

Ընծայարանի պատմությունը

1850-ական թվականների սկզբին Ալեքսանդրապոլում՝ վանքի կարիքները հոգալու համար հիմնվեց հայ երիտասարդներից կազմված մի ընկերություն: Ընկերության նախագահ դարձավ հայտնի բանասեր Կարապետ Կոստանյանի հայրը` Հովսեփ ավագ քահանա Կոստանյանը: Իսկ վանքում նրա ներկայացուցիչ և փոխնախագահ ճանաչվեց տիրացու Մինաս Հարությունյանը, հետագայում Մինաս քահանա Հարությունյան/Վահանյանը` Երվանդ Տեր-Մինասյանի պապը, որը նաև այդ դպրոցի առաջին ուսուցիչն էր: 1856-1857թթ. այստեղ բացվել է կիսագիշերօթիկ դպրոց: 1872թ. այն ունեցել է 63 աշակերտ, 32-ը` գիշերօթիկ, 32-ը` երթեւեկ: 1887թ. եղել է երկդասյա դպրոց` հինգ բաժանմունքով: 1896թ. ցարական կառավարությունը փակել է այն. վերաբացվել է տաս տարի անց: 1907թ. դարձել է երկսեռ ծխական դպրոց` գործելով Ղփչաղ (Հառիճ) գյուղում: 1907-1908 ուս. տարում ունեցել է հինգ ուսուցիչ, 109 աշակերտ:

  1913-1914 ուս. տարում դարձել է վեցամյա, հետագայում` միջնակարգ: 1887-1889թթ. Հառիճի դպրոցում է սովորել է Ավ. Իսահակյանը: 1890-ականներին Հառիճավանքում ապաքինվել և գործունեություն է ծավալել Կոմիտաս վարդապետը: Հարկ է նշել, որ Հառիճ գյուղում է ծնվել նաև Երվանդ Տեր-Մինասյանը և տարրական կրթությունն ստացել է տեղի ծխական երկդասյան դպրոցում: Հառիճավանքի վանական ընկերության հիմնադիր անդամներն էին Աղաբեկ Տիգրանյանը, Հովսեփ ավագ քահանա Կոստանյանը, Գրիգոր Վեքիլյանը, Բարսեղ Խախանուշյանը և ուրիշներ: Ընկերության նպատակն է եղել նորոգել և պահպանել Շիրակի ճարտարապետական գոհարներից մեկը` Հառիճ գյուղի Ս. Աստվածածին տաճարը: Ընկերության եկամտի աղբյուրը հիմնականում անդամավճարը և նվիրատվությունն էր: Նորոգումն իրականացրել են Գյումրի քաղաքի նշանավոր տարբեր վարպետներ, որոնցից էր նաեւ Թաթոս Անտիկյանը:

  Հառիճի վանական ընկերության անդամներ են եղել ժամանակի նշանավոր դեմքեր, այդ թվում Ավետիք Իսահակյանի ծնողները` Սահակ Նիկողոսի Իսահակյանը և Ալմաստ Գաբրիելի Իսահակյանը: Ընկերության գործունեությունը լավ արձագանք է գտել, նրան անդամագրվել են ոչ միայն Շիրակի գյուղերից ու քաղաքներից, այլև Արևմտյան Հայաստանից, Ռուսաստանից, նույնիսկ` օտարազգիներ: Հառիճավանքի ընկերության նախագահ, կրթական նշանավոր գործիչ Հովսեփ Կոստանյանի անմիջական ղեկավարությամբ` Հառիճում կառուցվել են բազմաթիվ տնտեսական շենքեր, հյուրասենյակներ:

Հառիճավանքի ընկերության ջանքերով վերաբացվել է Հառիճի դպրոցը, որը դարձել է Գևորգյան հոգևոր ճեմարանի նախապատրաստական բաժանմունք: Հառիճավանքի ընկերությունը գործել է մինչև 1910-ական թվականները, գրեթե 70 տարի խոշոր միջոցներ է ծախսվել վանքի նորոգման ու պահպանության և Հառիճի դպրոցը պահելու համար:

Խորհրդային տարիներին Հառիճավանքում գործել է հանրակրթական դպրոց, այնուհետև թանգարան:

Հառիճավանքում կրթական կյանքը վերածնվեց 2011թ.: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի  շնորհիվ և Թրբանճյան Ընտանիքի միջոցներով Գեւորգյան հոգևոր ճեմարանին կից Հառիճավանքում վերաբացվեց հոգևոր  ընծայարան: 2012-2019 թթ. Հառիճավանքում կատարվել են մեծածավալ շինարարական աշխատանքներ`բարեկարգվել է վանքի տարածքը, հիմնովին վերանորոգվել Ս. Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատունը, ամրակայվել Վանքի պատերը, կատարվել տանիքային աշխատանքներ:

2017թ. Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և Թրբանճյան ընտանիքի անդամների կողմից Հառիճավանքում տեղի ունեցավ Վեհարանի հիմնովին վերանորոգված մասնաշենքի նորամուտի  արարողությունը:

Վերաբացումից հետո ընծայարանն ուներ 8 ուսանող, առաջին Տեսուչը եղել է Տ. Հարություն աբղ. Կիրակոսյանը:

2012թ. Թրբանճյան ընծայարանը ստացավ ավագ դպրոցի կարգավիճակ, Տեսուչ նշանակվեց Տ. Նշան աբղ. Հմայակյանը:

2017թ. Հառիճի Թրբանճյան ընծայարանի տեսուչ նշանակվեց Տ. Ղևոնդ աբղ. Սաղաթելյանը:

2022թ-ից Հառիճի Թրբանճյան ընծայարանի տեսուչն է Տ. Վաչե աբղ. Մկրտչյանը։

2012թ.-2021թ. Հառիճի Թրբանճյան ընծայարանը տվել է 90 շրջանավարտ, որից ճնշող մեծամասնությունը ընդունվել է Գևորգյան հոգևոր ճեմարան և առանձնացել իրենց պատրաստվածությամբ: Այլ բուհեր ընդունված շրջանավարտները ևս իրենց ուսման մեջ աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ, կարգապահությամբ և մարդկային բարձր արժեքներով:Հառիճի Թրբանճյան ընդունված սաների ամբողջ հոգսը հոգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Ընծայարանի առօրյան

Ընծայարանի առօրյան կառուցված է կիսավանքային կարգապահությամբ․ օրը սկսվում է առավոտյան ժամերգությամբ, որին մասնակցում են բոլոր սաները։ Ապա սկսվում են դասերը՝ թե՛ հոգևոր առարկաներով (աստվածաբանություն, սրբագրական ուսմունք, եկեղեցու պատմություն), և թե՛ աշխարհիկ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, հայոց լեզու, օտար լեզուներ։ Բոլոր առարկաները դասավանդվում են բարձր մակարդակով՝ համապատասխան պետական չափորոշիչներին։

Ճաշի ընդմիջումը նույնպես ընդհանուր է․ սաները համատեղ գնում են ճաշարան, որտեղ ոչ միայն սնվում են, այլև շարունակում իրենց ընկերական շփումները՝ համեստ և կարգապահ միջավայրում։

Ցերեկային դասերից հետո ժամանակ է հատկացվում հանգստին, սպորտին կամ ընթերցանությանը։ Երեկոյան ընթանում է սերտողություն՝ դասերի պատրաստում, հոգևոր գրականության ընթերցում կամ հոգևոր առաջնորդի հետ քննարկումներ։ Օրը շարունակվում է երեկոյան ժամերգությամբ՝ աղոթքի և լռության մթնոլորտում. եզրափակվում է համընդհանուր աղոթքով:

 

Տ. Վաչե աբեղա Մկրտչյան

Տեսուչ

Տ. Հովսեփ աբեղա Պողոսյան

Ուսումնադաստիարակչական գծով փոխտեսուչ

Գրիգոր սրկ. Թադևոսյան

Աստվածաշնչի, Եկեղեցական պատմության ուսուցիչ

Եգոր սրկ. Մանուկյան

Եկեղեցական պատմության ուսուցիչ

Սարգիս սրկ. Մարտիրոս

Աստվածաշնչի, Եկեղեցական պատմության ուսուցիչ

Ֆիրդուս Բաղդասարյան

Ուսմասվար

Խորեն Սարգսյան

Նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ

Արմեն Խաչատրյան

Ֆիզկուլտուրայի ուսուցիչ

Հասմիկ Հարությունյան

Սոլֆեջիոյի ուսուցչուհի, Երգչախմբի ղեկավար

Գոհար Մարդոյան

Ֆիզիկայի ուսուցչուհի

Մանիկ Տոնականյան

Անգլերենի ուսուցչուհի

Լուսինե Խաչատրյան

Աշխարհագրության ուսուցչուհի

Ռուզաննա Մովսիսյան

Գրականության ուսուցչուհի

Էլինա Սարկիսյան

Ռուսաց լեզվի ուսուցչուհի

Առաքելություն

2012 թվականից գործող Հառիճավանքի «Թրբանճյան ընծայարանը»  ավագ դպրոցի կրթական ծրագրով մի եզակի հաստատություն է, որընպատակ է հետապնդում ապահովելու սովորողների կողմից հիմնական հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը, անհատի բազմակողմանի զարգացումը, պայմաններ է ստեղծում ինքնակրթության համար, նպաստում է անձի աշխարհայացքի ձևավորմանը և մասնագիտական կողմնորոշմանը, և այդ ամենն իրականացվում է՝ համատեղելով հոգևոր ու աշխարհիկ կրթությունը։

 

Հառիճավանքի «Թրբանճյան ընծայարան» ավագ դպրոցն ունի իր առանձնահատուկ առաքելությունը, որը ձևավորվում է և՛ եկեղեցական-մշակութային ժառանգության, և՛ կրթական պետական չափորոշիչների հիման վրա։ 

Առաքելությունը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ.

  • Հոգևոր առաքելություն – դաստիարակել քրիստոնեական և ազգային արժեքներով սնված սերունդ, որոնք հավատարիմ կլինեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ու ազգային ինքնությանը։
  • Կրթական առաքելություն – ապահովել խորացված միջնակարգ կրթություն,որը կհամապատասխանի ՀՀ կրթական չափորոշիչներին, միաժամանակ ընդգրկելով կրոնական և հայագիտական առարկաներ։
  • Մշակութային առաքելություն – պահպանել և զարգացնել Հառիճավանքի և այլ նշանավոր վանական դպրոցների դարավոր ավանդույթները՝ սաներին կապելով հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության հետ։
  • Սոցիալական առաքելություն – նպաստել սաների անհատական կարողությունների բացահայտմանը, հասարակական պատասխանատվության ձևավորմանը և հայրենասիրական ոգով դաստիարակությանը։

Ծրագիր

Ընծայարանում ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են պետական կրթական չափորոշիչներին համապատասխան 3-րդ աստիճանի միջնակարգ հանրակրթական  (հիմնական, լրացուցիչ) հոսքային ծրագրերով:

Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատման ձևերի ու մեթոդների հաճախականությունը, ինչպես նաև առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է ընծայարանը՝  հիմնադրի հաստատած կրթական նորմերին և հանրակրթական պետական չափորոշիչներին համապատասխան: Ընծայարանում կիրառվում է սովորողների գիտելիքների ընթացիկ և ամփոփիչ (այդ թվում կիսամյակային և տարեկան) գնահատման կարգ:

2017-2018 ուս տարվա առաջին կիսմյակում ընծայարանում բացվեց նաև բնագիտամաթեմատիկական ենթահոսք: 

Ուսումնասիրվում են տարբեր առարկաներ՝ երեխաների ընդհանուր զարգացվածության համար, ինչպիսիք են ՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «գրաբար»,«Հայոց եկեղեցու պատմություն», «Անգլերեն», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաները և այլն։ Ընծայարանը լինելով ավագ դպրոց՝ տարբերվում է իր դասապրոցեսի ընթացքով, քանի որ ավագ դպրոցին բնորոշ առարկաներին զուգընթաց դասավանդվում են նաև հոգևոր ուղղվածության առարկաներ: 

Ընծայարանը ակտիվ համագործակցում է Շիրակի մարզի ավագ դպրոցների հետ, լինում են փոխադարձ այցելություններ և համատեղ միջոցառումներ: Համատեղ միջոցառումներ են կազմակերպվում նաև Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հետ:

Բացի համատեղ միջոցառումներից, Ընծայարանը հանդես է գալիս նաև նախաձեռնություններով, կազմակերպելով ինտելեկտուալ մրցույթներ, ուխտագնացություններ, շաբաթօրյակներ: Հառիճի Թրբանճյան ընծայարանի սաները բարձր արդյունքներ են գրանցել հանրապետական օլիմպիադաներում: