Դիակոնիա

31
IMG_1125
15442270_1226165320794981_2809417581295899938_n

Դիակոնիա

Ճեմարանի հարաբերությունները հասարակության հետ հիմնականում տեղի են ունենում կրթական, դաստիարակչական, սոցիալական, քարոզչական և այսօրինակ այլ ոլորտներում: Իրենց ուսումնառության տարիներից իսկ, անմասն չմնալով Հայ եկեղեցու բարեսիրական առաքելությունից, ԳՀՃ սաները պարբերաբար իրականացնում են այցելություններ ընկերային բարեսիրական հաստատություններ, ինչպես նաև առանձին կարիքավոր ընտանիքների: Յուրաքանչյուր տարի՝ Ամանորին ընդառաջ, ճեմարանականները կազմակերպում են տոնական միջոցառում, որին հրավիրվում են Հայաստանի տարբեր շրջաններից հասարակության սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, ինչպես նաև հենաշարժողական կամ ֆիզիկական և մտավոր այլ խնդիրներ ունեցող երեխաներ իրենց ծնողների հետ: Սույն ծրագիրը տեղի է ունենում ԵՀԽ Կլոր Սեղան Հայաստանյան բարեգործական հիմնադրամի անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ: Ճեմարանականներն այցելում են հիմնականում այնպիսի հաստատություններ (հիվանդանոց, գիշերօթիկ դպրոց, մանկատուն, քրեակատարողական հիմնարկներ, զորամասեր), որտեղ մարդիկ ունեն մխիթարության, կարեկցանքի, սիրո, աղոթքի մեծ անհրաժեշտություն: Նրանք իրենց գլխավոր առաքելությունն են համարում փոխանցել Տիրոջ սերն ու խոսքն այն անձանց, ում այցելում են: Այսօրինակ այցելություններով ճեմարանականի մեջ ձևավորվում է իր ապագա կոչման` քահանայության վերաբերյալ հստակ պատկերը: Նրա համար նաև ուսանած տեսական գիտելիքներն ավելի տեսանելի ու շոշափելի են դառնում, երբ իրեն հնարավորություն է ընձեռվում գործով ցույց տալու իր նվիրումը եղբայրների նկատմամբ և դրանով նաև` առ Աստված իր ունեցած հավատքը, որհովհետև՝ «հավատքն առանց գործի մեռած է»(Հակ. Բ 17):